Վերագտնելով անցյալը, վերստեղծել ներկան


Հայաստանի հազարամյա մշակութային և հոգևոր հարստությունը աշխարհասփյուռ հայերի ժառանգությունն է: Հնադարյա յուրահատուկ ճարտարապետական հուշարձանները և եկեղեցիները, նկարազարդ ձեռագրերի հարուստ հավաքածուները և անտիկ և ժամանակակից գրականության գրադարանները, հոգեթով երաժշտությունը և ոգեշնչող ժամերգության ավանդույթները, հայկական խաչքարերը անմահ ստեղծագործություններ են և սերնդեսերունդ փոխանցված ազգային արժեքներ: Այս հարուստ հայկական ժառանգությունը վերապրել է վտանգներ, պատերազմներ, ֆիզիկական ոչնչացման և վիրտուալ ոչնչացման դարեր:


Իր 3000 ամյա պատմության ընթացքում Երևանը բազմաթիվ փոփոխությունների է ականատես եղել: 20-րդ դարի սկզբներին հռչակավոր ճարտարապետ Թամանյանը ստեղծեց մի քանի հարյուր հազար բնակիչ ունեցող քաղաքի նոր տեսլական: Երկրորդ աշխարհամարտին անմիջապես հաջորդած տարիներին քաղաքը ականատեսն եղավ սրընթաց ընդլայնման և մայրաքաղաքում Հայաստանի բնակչության աստիճանական կենտրոնացմանը: Քաղաքի ներդաշնակ սահմաններն ընդլայնվեցին` վերածելով այն ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ մեգապոլիսի:

Ասում են Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Նրա բնապատկերը ընդելուզված է մեծաքանակ հիասքանչ ճարտարապետական գլուխգործոցներով, որ մեր բեղմնավոր ազգը ստեղծել է դարերի ընթացքում: Այժմ այդ ճարտարապետական ժառանգությունը խեղման, ոչնչացման և հավերժ կորստի վտանգի առջև է:

Այսօր, չնայած Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական բարդություններին և մարտահրավերներին, մշակութային և ոգեղեն արժեքները պետք է պահպանվեն, փայփայվեն և բարգավաճեն և փոխանցվեն հաջորդ սերունդներին: Հիրավի, այսօր կարիք կա վերագտնելու և վերանայելու ոգեշնչման և ազգային կենսունակության այս անփոխարինելի աղբյուրը: Երևանի ճարտարապետամշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված սոցիալական և քաղաքային այս ծրագիրն անվանվել է «Երևան, իմ սեր» քանի որ յուրաքանչյուր հայ իր սրտում հատուկ տեղ ունի սիրելի մայրաքաղաքի համար: «Երևան, իմ սեր» ծրագիրը նպատակ ունի պաշտպանել և վերականգնել Երևանի պատմական թաղամասերը և համակարգել այս գեղեցիկ քաղաքի գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը, ավանդույթները և միջավայրը պահպանելու ջանքերը: Պատմական շենքերը կվերականգնվեն և կհարմարեցվեն նոր և լուսավոր նպատակների:

Քաղաքի բնօրինակ ճարտարապետական ժառանգությանը պահպանմանը զուգահեռ, «Երևան, իմ սեր» հիմնադրամի ամենակարևոր հայեցակետը քաղաքի երեխաների և երիտասարդության նկատմամբ հոգածությունն է` հատկապես ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների: Վերականգնված պատմական նշանակության շինությունները օգտագործվելու են կարևոր սոցիալական նշանակություն ունեցող ծրագրի կենսագործման համար:

Իսկապես, Երևան, իմ սեր հիմնադրամն առանձնահատուկ է դարձնում պատմամաշակութային ճարտարապետական ժառանգությունը պահպանելու, քաղաքային զարգացումը և մարդակենտրոն վերականգնումը մեկտեղելու նորարարական մոտեցումը: Հաշմանդամ երեխաների և սոցիալապես անապահով կամ ֆիզիկական արատներ ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավումը և նրանց` հասարակության մեջ ինտեգրումն է «Երևան, իմ սեր» հիմնադրամի գործունեության հիմքում: Լիահույս ենք, որ սա Հայաստանում նոր շարժման սկիզբ է հանդիսանալու:

Դոկտոր Արմեն Սարգսյան
«Երևան, իմ սեր» հիմնադրամի հիմնադիր նախագահ