Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ Հրազդանի կիրճի ափին վեր է խոյանում հին Երևանի ճարտարապետության մի փրկված բեկոր։ 19-րդ դարի կեսերին կարմրավուն տուֆով կառուցված պատմական ճակատով շենքը նոր կյանք է ստացել: Կենտրոնի նախագծման և կառուցման աշխատանքները մեկնարկեցին 2013թ-ին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն առաջարկեց դիտարկել Սբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հանձնված մի կիսավեր շինություն։ Տասնամյակների ընթացքում անուշադրության մատնված պատմական գեղեցիկ ճակատ ունեցող այդ շինությունը քայքայվելով վերածվել էր անտունների կացարանի, իսկ դրա բակը հարևան շենքերի բնակիչների համար ծառայում էր որպես աղբանոց։ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության փորձառու մասնագետները, ճարտարապետ Հայկ Այվազյանի գլխավորությամբ, մանրամասն չափագրությունների հիման վրա կազմեցին նախագիծ, որը թույլ էր տալիս կիսավեր շենքի հիման վրա կառուցել մանկական կենտրոն՝ պահպանելով և վերականգնելով շենքի պատմական ճակատը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից նախագիծը հավանության արժանանալուց հետո, սեղմ ժամկետում տրվեց շինարարական աշխատանքների մեկնարկը։

 childrens center
 
Շինարարական աշխատանքների ընթացքում, արդեն, սկսեց քննարկվել նաև կենտրոնում իրականացվելիք ծրագրերի բովանդակությունը։ Հաշվի առնելով հաշմանդամ և անապահով երեխաների հետ աշխատանքի փորձը և միջազգային հեղինակությունը՝ որպես գործընկեր և խորհրդատու ընտրվեց «Save the Children» կազմակերպությունը։ Կազմակերպության հետ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Համագործակցության արդյունքում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը և համապատասխան մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում ապահովվեց պատմական նշանակություն ունեցող շենքի մատչելիությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար (տեղադրվեցին եվրոպական արտադրության ժամանակակից վերելակն ու հաշմանդամների մուտքն ավելի դյուրին դարձնող երկփեղկ փայտե դռները, կառուցվեցին չափորոշիչներին համապատասխան հարմարեցված սանհանգույցն ու թեքահարթակները)։
 
Մշակվեց և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ներկայացվեց մանկական կենտրոնի երկու տարվա գործունեության ծրագիրը: 2017թ-ի սեպտեմբերից միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորեցնում են կյանքի հմտությունները։ Իրականացվում են մի շարք վերականգնողական և կրթական ծրագրեր, ինչպես նաև ճանաչողական և ֆիզիկական թերապիա:
 
 
Մանկական կենտրոնի ծառայությունները նախատեսված են ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Կենտրոնի դռները բաց են նաև փախստական ու տեղահանված երեխաների, պատշաճ խնամքից զուրկ և այլ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար։ Տարեկան շուրջ 150 ծնող կարող է մասնակցել հատուկ դասընթացների, որտեղ նրանք ձեռք կբերեն վերոգրյալ խնդիրներն ունեցող երեխաներին առավել լավ խնամք տրամադրելու հմտություններ: Երեխաների համար նախատեսված կենտրոնի բացառիկ առանձնահատկություններից են կենտրոնի օգտագործվող տանիքը, որտեղից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը և ընդարձակ կանաչապատ այգին։ Այգու բացօթյա ամֆիթատրոնում անցկացվում են կրթական դասընթացների և թերապիայի մի մասը, կազմակերպվում են տարբեր ցուցադրություններ և ներկայացումներ։
 
 
«Save the children» կազմակերպությունն ու Եվրամիության երեվանյան գրասենյակը 2018-ի հունիսին «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում կազմակերպեցին Հնարավորություններ երիտասարդներին տոնավաճառը՝ ԵՄ-ն հանուն երիտասարդների հմտությունների ապագայի համար խորագրով: Աշխատանք գտնելու նպատակով, տոնավաճառին մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ: Նրանց մի մասը տոնավաճառի շնորհիվ ծանոթացավ ապագա գործատուների հետ:
 
 
«Երևան, իմ սեր» հիմնադրամի հաջորդ հավակնոտ նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում վիրավորված զինծառայողների համար է: Նրանցից շատերը ծանր մարմնական վնասվածնքեր են ստացել մարտական գործողությունների ժամանակ և վերականգնողական բուժումը տարիներ է պահանջում: Սակայն ժամանակակից բժշկությունն անզոր է օգնել նրանցից շատերին վերականգնել կորցրածը: Ու չնայած դրան, երիտասարդները սովորելու, աշխատելու բուռն ցանկություն ունեն: Ուստի «Երևան, իմ սեր» հիմնադրամը հատուկ վիրավոր զինծառայողների համար նախաձեռնեց լուսանկարչության, օպերատորության ու մոնտաժային դասընթացներ: Երիտասարդներին դասավանդում են Հայաստանի լավագույն լուսանկարիչները, առաջատար օպերատորներն ու մոնտաժողները: