Մայր Աթոռին հարակից քաղաքային այգու վերակառուցում ու այգեգործական և այգեշինական կենտրոն:

«Երևան, իմ սեր» հիմնադրամը նախատեսում է հիմնովին վերակառուցել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին հարակից քաղաքային այգին։ Այգին նախագծել է հանրահայտ Ռենդլ Սիդլիի ճարտարապետական արվեստանոցը, որը նախագծեր է իրականացրել բազմաթիվ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Սինգապուրում և այլն։ Ծրագրի նպատակն է խնամված ծառուղիներով, շատրվանների, ոռոգման և արտաքին լուսավորության ամբողջովին նոր համակարգերով այգին դարձնել քաղաքացիների, Մայր Աթոռի այցելուների և հյուրերի հանգստի ու զբոսանքի սիրված վայրերից մեկը:


project3 1
Այգու տարածքում նախատեսվում է կառուցել կենտրոն, որտեղ Էջմիածնի և շրջակա բնակավայրերի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ՝ այգեգործության, այգեշինության, բուսաբանության, լանդշավթային դիզայնի, ֆլորիստիկայի և հարակից այլ բնագավառներում։ Դասավանդմանը կներգրավվեն թե՛ տեղացի, և թե՛ օտարերկրյա մասնագետներ։ Երիտասարդները կուսանեն բույսերի գրագետ ընտրության, խմբավորման և խնամքի հիմունքները՝ հաշվի առնելով տեղանքի բնակլիմայական պայմանները, լույսի և ստվերի առկայությունը, հողի տեսակը, քամու առկայությունը և այլ պայմաններ։


project3 4  project3 3 project3 2

Հաջողություններ արձանագրած երիտասարդները կկարողանան խորացնել իրենց գիտելիքները նաև այգիների նախագծման և լանդշավթային դիզայնի բնագավառում՝ վարպետության դասեր ստանալով հեղինակավոր արտասահմանյան ընկերությունների փորձառու մասնագետներից։ Նախագիծը միտված է երիտասարդներին որակյալ կրթությամբ, իսկ հետագայում նաև աշխատանքով ապահովելուն՝ հաշվի առնելով Հայաստանում հանրային և մասնավոր այգիների նախագծման և խնամքի մասնագետների օրեցօր ավելացող պահանջարկը: